Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարոզարշավ. օր տասնհինգերորդ. ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Գյումրիում

Քարոզարշավ. օր տասնհինգերորդ. ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Գյումրիում
20.03.2017 | 19:22

Երեկ Գյումրի է այցելել Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ թեև նախագահը քարոզարշավին չի մասնակցում, սակայն հանրապետության երկրորդ քաղաք նրան տարել են ոչ թե պետական, այլ` հենց կուսակցական գործերը: Եթե հույժ անհրաժեշտություն չառաջանար, Սերժ Սարգսյանն անձամբ Գյումրի չէր գնա ու չորս ժամ դռնփակ հանդիպում չէր ունենա ՀՀԿ նախընտրական շտաբում:

Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսայանն ասել է, որ Սարգսյանը հանդիպմանը ներկա գտնվողների առջև հստակ խնդիր է դրել. «Ամեն ինչ արվի, որպեսզի ընտրություններից հետո որևիցե քաղաքացի կամ դիտորդական առաքելություն չասի, որ ընտրություններում տեղի են ունեցել օրենքի խախտումներ»: Գուցե Ավետիսյանի նշած խնդիրը նույնպես` օրակարգում եղել է, բայց քիչ հավանական է թվում, որ միայն դա եղած լինի Սարգսյանի այցի շարժառիթը, մանավանդ քարոզարշավի առաջին կեսում Շիրակում, կարծես թե, խաղաղ է, ու որևէ լուրջ ահազանգ չկա: Տեղի մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես Գյումրիում ՀՀԿ վարկանիշը խիստ ցածր է, ու հենց սա է եղել Սարգսյանի մտահոգության հիմնական պատճառը, մանավանդ, որ Շիրակում առաջադրված ռեյտինգային թեկնածուների քարոզարշավը որակական տեղաշարժ չի առաջացրել:

Իսկ ՀՀԿ երկրորդ դեմքը երեկ շարունակում էր քարոզարշավը Լոռիի և Տաշիրի մարզերում: Ալավերդի քաղաքում վարչապետը հանդես է եկել երկիմաստ հայտարարությամբ: «Մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք»,-ասել է նա: Ընդհանուրի կարծիքով` ընդդիմությունը հազիվ թե կարողանա խանգարել Կարեն Կարապետյանին: Մնում է ենթադրել, որ վերջինս տողատակով ակնարկում է ներիշխանական ինչ-որ հակասությունների մասին: Ի դեպ, սոցցանցերում ակտիվ շրջանառվում են վարչապետի մի քանի արտահայտություններ, որոնք այնքան էլ հարիր չեն պետական, քաղաքական գործչին: Կարծում եմ` ռաբիս արտահայտություններն անմիջականության ամենալավ դրսևորումը չեն:


Քաղաքական տեսանկյունից երեկ պարզապես ապշեցրել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը` ընտրությունների օրվա հետաձգում առաջարկելով, երբ քարոզարշավը հատել է հասարակածը: «Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Ինչպես մեկ տարի առաջ, դրա արժևորումն ու վերաբերմունքը համազգային ընդգրկում է ունենալու։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստի և նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է։ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին համաձայնության գալ այս հարցում և առաջարկել իշխանությանը ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը»,-ասված է հայտարարության տեքստում: Իհարկե, հասկանալի է, որ ապրիլի 2-ին հաշված օրեր են մնում, իսկ Տեր-Պետրոսյանի թիմին չի հաջողվել ո՛չ հասարակության համակրանքը ստանալ, ո՛չ էլ պայմանավորվել իշխանությունների հետ, սակայն այս հայտարարությունը կոռեկտ չէ քաղաքական առումով և ավելի շատ նմանվում է զոհերի հիշատակի շահարկման:


«Մենք վճռական են տրամադրված և ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում ենք բանակային կարգուկանոն հաստատել մեր երկրում»,-նման հայտատրարություն Աջափնյակում արել է ՕՐՕ-ի առսջնորդ Սեյրան Օհանյանը, անտեսելով այն հանգամանքը, որ մեր ժողովրդին ոչ թե պոլիգոն, այլ օրինական երկիր է պետք:


Դավիթաշենի դպրոցներից մեկում Արթուր Բաղդասարյանի հետ նշանակված հանդւպումը սկսվել է ուշացումով` մինչև ՀՎԿ ակտիվիսներին հաջողվել է լցնել կիսադատարկ դահլիճը: ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը կլինի միայն այն քաղաքական կոալիցիայում, որը կընդունի իր պայմանները»,-ասել է Բաղդասարյանը: Շատերը համոզված են, որ ՀՎԿ-ն հիմքեր է ստեղծում` ընտրություններից հետո կառավարող կոալիցիա վերադառնալու համար:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ